ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հետընտրական խաղեր

Հետընտրական խաղեր
04.10.2016 | 09:51

Վանաձորում կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու անդամների 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը 3 մանդատ ստացած ԲՀԿ-ին և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին առաջարկում է միավորվել և ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԲՀԿ-ն երեքով կունենան 18 մանդատ և մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ», - կարծում է Էդմոն Մարուքյանը: Նա երեկ հայտարարություն է արել՝ «Պաշտոնապես առաջակում եմ «Հայկական վերածնունդ»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին միասին ձևավորել տեղական իշխանություն՝ Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին։ Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը։ Մենք այս հայտարարությունից հետո կսպասենք պատասխանի»:


«Հայկական վերածնունդն» արձագանքել է տեղնուտեղը: Կուսակցությունը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կան լոկալ ազդեցության քաղաքական ուժեր և ուժեր, որոնք հանրապետական մասշտաբի ազդեցություն ունեն: Իրեն, թերևս, ՀՎ-ն համարում է հանրապետական մասշտաբի, որը հիմնավորում է նրանով, որ «Լուսավոր Հայաստանը» հանրապետության որևէ այլ համայնքում էական արդյունքներ չի գրանցել, մինչդեռ «Հայկական վերածնունդը» Գյումրիում և Վանաձորում գրանցել է կայուն երրորդ ցուցանիշը, ակտիվորեն մասնակցել և հաղթել է հանրապետության հարյուրավոր համայնքներում, ուստի առաջարկել է երկու տարբերակ: Արթուր Բաղդասարյանը կաջակցի Էդմոն Մարուքյանին, եթե «Լուսավոր Հայաստանը» առաջիկա համապետական ընտրություններում միանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորելու առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում՝ սա մեկ:

Տարբերակ երկրորդ` ՀՎ-ն առաջարկում է «Լուսավոր Հայաստանին» Վանաձորում միանալ ՀՎ-ին և հավասարապես կիսել Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը: Փաստացի՝ Արթուր Բաղդասարյանը Էդմոն Մարուքյանին առաջարկում է լուծարել իր կուսակցությունը և միանալ իրեն: Այլապես ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու պիտի մեկ քաղաքում (թող որ հանրապետության երրորդ քաղաքում) քաղաքապետ ունենալու համար «Լուսավոր Հայաստանը» հրաժարվի իր տեսակետներից ու դառնա ռուսական դաշտի խաղացող՝ ինչպես Արթուր Բաղդասարյանը: Առավել անհասկանալի է, թե ինչու պիտի 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստանը» և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդը» հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության պատասխանատվությունը, որի հաջորդ քայլը լինելու է ՀՎ-ի քաղաքապետը:

Իսկ եթե Էդմոն Մարուքյանը նույն առաջարկն անի Արթուր Բաղդասարյանին Գյումրու վերաբերյալ, նա կընդունի՞: Ի՞նչ կպատասխանի Էդմոն Մարուքյանը, կորոշի ինքը, բայց ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը նրան ասել է «ոչ»՝ ինչպես ընդունված է «Օրինաց երկրում»՝ ոչ թե մերժելով, այլ պարտադրելով, որ ինքը հրաժարվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԲՀԿ-ն պատրաստվում է հարցը քննարկել իր վանաձորյան կառույցի և «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նախ պիտի պարզի ընտրությունների հետ կապված լրջագույն խնդիրները՝ արձանագրված արդյունքները. «Բոլոր նախադրյալները կային, որպեսզի ԲՀԿ-ն առավել լավ արդյունքներ ունենար Վանաձորում, առնվազն այնպիսի արդյունքներ, ինչպիսին՝ Գյումրիում»: Իսկ հետո ՀՀԿ-ն քաղաքապետ կունենա թե Գյումրիում, թե Վանաձորում:

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ